ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ստրկացման բանաձևումների բացառում

Ստրկացման բանաձևումների բացառում
25.10.2017 | 13:46

Հայաստանի պետական և հասարակական համակարգը ձևավորվել է ոչ թե ազգային տրադիցիոնալ աշխարհընկալման, այլ բացարձակապես Ռուսաստանի կայսերապաշտական նպատակահարմարության սկզբունքների վրա: Այն հանգեցրել է հայ քաղաքակրթությանը բնորոշող հոգևոր և բարոյական արժեքների անկմանն ու ոչնչացմանը, ինչը ժամանակակից լուրջ բարդությունների առջև է կանգնեցրել Հայաստանն ու ողջ հայությանը: Անտեսվել են հասարակության սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացման խնդիրները, որոնք պիտի ուղղված լինեին հանրությունից մինչև անհատ քաղաքացու ֆիզիկական պահանջմունքի և կենսական ապահովման բացարձակի բավարարմանը, սրանով իսկ խաթարելով անհատի և հասարակության բնականոն կյանքի որակական ընթացքը:

1990-ականներից մինչ այժմ գործող Հայաստանի տարբեր վարչախմբերի կողմից իրականացված սեփական հարստության աճին ուղղված ծրագրերի և հասարակական ներդաշնակության, հոգևոր ու բարոյականի միջև առաջացած խոր հակասությունները, է՛լ ավելի ակնհայտ դարձրին իշխանությանց կողմից դրսևորված բացասական արժեքները, որոնք էլ այսօր հանդիսանում են առկա քաղաքականության և պետության հիմքն ու սկզբունքները: Այն ձևավորել է մի կողմից հանդուրժողականության, հպատակության, համակերպման սեփական երկիրը ստրկացնող օտար պետությունների, մյուս կողմից էլ սեփական ժողովրդին կեղեքող և ստրկացնող իշխանությանց ցինիզմի դրսևորումներով:
Այս բոլոր վարչախմբերն էլ երկրի «զարգացման» ճանապարհը նախընտրել են ժամանակակից ստրկացման բանաձևումների մեջ, նախատեսելով քաղաքակրթության և աշխարհակարգի արժեքային համակարգերի ուժային բևեռների նախընտրության և անհամատեղելի ինտեգրում գերակայող կառույցներին: Սա մի ողբերգություն է, որը հղի է ձևավորելու հոգով ստրուկ և ինքնիշխան կամքից զուրկ մի հասարակություն, որն իր ստրկական կախվածությունն է ձեռք բերում աշխարհի հզոր տերերից: Նման հասարակությունը բարոյական և հոգևոր տկարության բերումով փորձում է բավարարվել հնազանդության ու հավատարմության կեղծ ու անարժեք հավաստիացումներով և առաջնորդվում է իրեն ստրկացնող հզորի կամքը կատարելու և նրանց «բարյացակամությունը» ինչ-որ կերպ շահելու նպատակով: Մինչդեռ ինքնիշխան պետության և ազգի ոչնչացման առաջին գործոնը, նրանց անկախ ապրելու կամքը թուլությունն է:


Հայ ժողովրդի բարոյական գոյության իրավունքը մեր ազգային զգացողության ու ազգային ինքնության գիտակցումի պահպանումով է եզրագծվում, որն ի սկզբանե առկա է մեր ազգային աստվածագիր ոգու մեջ, մեզ վերապահված ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ խոր համոզմունքով: Եվ որքան հզոր ու ամբողջական էր ժողովրդի հոգեբանական անկախությունը, այնքան իրական է պետության անկախությունն ու նրա զարգացման օրինաչափական ընթացքը: Պետությունը, հանուն «դեյուրե» անկախության ձևակերպումի համար մղած «պայքարով», երբևէ չի կարող ստեղծել անկախ պետություն. այն միանշանակորեն դուրս է մղվելու պատմական զարգացման հիմնական ուղուց:


. Եվ հենց այդ անկախացման օրվանից առայսօր իշխանությունների կողմից հասարակությանը չի ներկայացվել ազգային նպատակներ հետապնդող որևէ ծրագիր,
. Արցախն իր ազատագրված տարածքներով ոչ միայն շարունակում է մնալ ոչ ամբողջական, այլև չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության անքակտելի վարչատարածք,
. Ջավախքը ոչ միայն դատապարտված է բռնակցված մնալու Վրաստանին, այլև ջավախահայությունն ապրում է օրհասական օրեր՝ ձուլման, բռնի արտագաղթման, մշակութային, հոգևոր ու ֆիզիկական բնաջնջման վտանգի ու սպառնալիքների տակ,
. Նախիջևանը, Դաշքեսանը, Գանձակն ու Գետաշենի շրջանը դեռևս մնում են ադրբեջանաթրքական լծի տակ.
. Արևմտյան Հայաստանի պահանջատիրության հարցը մատնվել է խոր մոռացության, մոռացության է մատնվել անգամ արմատներով հայ և Արևմտյան Հայաստանում դեռևս բնակվող մեր հայրենակիցների պայքարը:
Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետականության կրող սուվերեն երկիր, իր այդ կեղծ գոյավիճակի դիմաց վաճառել է հայ ազգի ոգու, պայքարելու իրավունքի, զարգանալու ձգտման և ճշմարտություն ու արդարություն պահանջելու իրավունքը, և հատկապես ազգային նպատակներ հետապնդելու իրավունքի ոչնչացման գինը: Որպես ազգային անկախ պետություն, Հայաստանի մինչ այժմ գործող բոլոր վարչակարգերը ընդունակ չեն եղել իրենց գործառույթը կատարելու:


Հատուկ գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու համար, որ օտար աշխարհայացքների ներթափանցման և տոտալ վեստերնիզացիայի արդյունքում, կասեցնելով միջքաղաքակրթական փոխհարստացման բնական գործընթացներն ու ազգային հոգևոր, մշակութային ու մտավոր զարգացումները, այն առաջ է բերելու ազգային պոտենցիալ էներգիայի ցնցման ու ձևավորելու է լուրջ դիմադրություն ընդդեմ ցանկացած նմանատիպ երևույթի: Ներքաղաքական նախապատվությունը, որն ուղղորդվում է արտաքին շահագրգիռ կողմի ազդեցությունով, հանգեցնելու էր հասարակական տարբեր վիճակների փոփոխության: Այն պարտադրում է ձևավորելու առկա պահանջներին համահունչ ռազմական և քաղաքական նոր կառույցներ, որոնք ընդունակ կլինեն դիմակայելու տարբեր վիճակներից բխող սպառնալիքներին և կյանքի ընթացքը կուղղեն դեպի բնականոն զարգացում: Որպես կանոն այն տեղի է ունենում միայն հեղափոխական ճանապարհով, որի առանձնահատկությունը սահմանվում է հենց որակական հեղաշրջիչ փոփոխությունների եզրույթով: Հայկական իրականությունում այն ներառում է կոնսերվատիվ հեղափոխության սկզբունքներն ու նրա շարունակականության կարևորությունը:
Հայ ազգն իրավունք ունի իր ձեռքբերումները պաշտպանելու և ձգտելու նոր ձեռքբերումների: Այն իրավունք ունի երազելու, և այդ երազը նպատակի վերածելով պայքարելու հանուն դրա իրականացման: Սա՛ է հարիր ազգերին և ազգային իր էթնոսի որակական տրամադրություններին: Այն անհատի և կամ իր էթնիկական մշակույթի տեսակը պահպանած խմբի նվիրվածությունն ու սերն է սեփական ազգի հանդեպ, որը զարգանում է ազգային ինքնագիտակցության, ցեղային ոգու և ոգու բարոյական կամքի դրսևորման վրա: Ազգային ինքնության և նրա ոգու գիտակցության մակարդակի գաղափարաբանությունն ու կոլեկտիվ միասնությունը, կարևորագույն հիմքն է հանդիսանում ազգային հանրության, ազգային տրամադրությունների և դրանց տարբեր դրսևորումների: Հենց այսպես էր ապահովվում էթնիկական բազմազանությունը, որը մարդկային անհատականության համար ներքին հպարտության և վերապրելու գերագույն արժեք ունի: Մինչդեռ պատկանելությունը ինտեգրված այնպիսի մի խմբի, որը զուրկ է ներքին հպարտությունից, բացարձակապես վնասակար է ինչպես անհատի, նույնպես էլ խղճի ինքնաճանաչման, ինքնագնահատականի և մարդկային որակական տեսակի համար:


Յուրաքանչյուր անհատականություն և կամ իր էթնոմշակութային տեսակը պահպանած խումբ, իր լրումը ստանում է մարդու վրա աստվածային շնորհների ունեցած անմիջական ազդեցությունից: Այն խորհրդանշում է հայրենիքի և Աստծո արքայության գաղափարափիլիսոփայության եզրույթը, այս փաստարկը ճանաչելով, որպես գերակա գաղափար, սրան էլ տրադիցիոնալ սկզբունքով ձգտում էր անհատն ու կոլեկտիվ հասարակությունը: Մարդկային ձգտման էության սահմանավորումը կայանում է նրա ինքնաճանաչման գործառույթով, ուր գերակայող է ոգու բարոյական կամքի առկայությունը:
Աստծո արքայության գաղափարը, նրա զարգացման ու կատարելության աստվածային կամքի իշխանությունն է, ուր այդ կամքի բովանդակությունը աստվածային սերն է: Եվ հենց Աստծո սերն է աստվածային պատվիրանների ու էության կենտրոնը:
Հայրենիքի գաղափարը, որն ընդունվում է ցեղային ոգու ինքնաճանաչման գերագույն ակտով, անցնում է զարգացման ու կատարելության, ոգու բարոյականության դրսևորման եզրույթով, ուր անհատի և ազգի հավաքական կամքի նյութեղեն և հոգևոր մշակույթի իշխանությունն է: Եվ արդ, ոգու ինքնաճանաչումը, հատում է նվիրական կրոնի ու Աստծո էության եզրագիծը և ապա նոր միայն աստվածաճանաչողության մեջ ճանաչում իր սրբագիր ոգին: ՈՒստի և աստվածաշնորհ ոգու ինքնադրսևորումը կայանում է միայն ու միայն Աստծո կամքով, իմա՝ անբիծ և անմնացորդ սիրո միջոցով:
Եվ հենց սա՛ է ազգային պետության անդրանիկ հիմնաքարը...


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 15649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ